Երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար փող էր պահանջել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Ամիսներ առաջ մի երիտասարդ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկում ծանոթացել էր մի օգտատիրոջ հետ և նրա առաջարկով ուղարկել իր մերկ լուսանկարները։ Որոշ ժամանակ անց լուսանկարները ստացած օգտատերը դրանք չհրապարակելու համար երիտասարդից պահանջել էր 190․000 դրամ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց և ուղարկվեց տարածքային քննչական բաժին։ Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողներն իրականացրին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին իրական օգտատիրոջ ինքնության վերաբերյալ։ Տեղեկությունների իրացման արդյունքում Էրեբունու ոստիկանները հունվարի 16-ին հայտնաբերեցին Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։