Անկախ նրանից, ԱԱԾ նախկին պետին սպանել են, թե ինքնասպանություն է գործել, ողբերգություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Հասարակություն

Անկախ հանգամանքից, թե ԱԱԾ նախկին պետի մահը ինքնասպանություն է, թե սպանություն, ողբերգություն է, շոկի մեջ եմ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանն՝ ընդգծելով որ բոլոր վարկածները կհաստատվեն վարույթն իրականացնող մարմինի կողմից։ 

Նա նշեց, որ երկրի իրավապահ մարմինները պարտավոր են օբյեկտիվ ու արագացված կարգով քննություն իրականացնել ու բոլոր հանգամանքներին տալ սպառիչ պատասխաններ: 

«Երիտասարդ անձնավորության սպանության հետ գործ ունենք, ու հստակորեն պատասխան պետք է տրվի այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ շարժառիթներ ու դրդապատճառներ են եղել Գեորգի Կուտոյանի մահվան համար,- 24News-ին փոխանցեց փաստաբանն ու հավելեց,- Կարծում եմ, սպանությունը կարող է նաև որոշակի «մեսիջներ» պարունակել, դա այն առումով, որ Գեորգի Կուտոյանը մեծ քանակությամբ հույժ կարևոր տեղեկատվության էր տիրապետում։ Հիմա հարցադրումներ են առաջանում, որ եթե նույնիսկ իրավապահները վաղը, մյուս օրն ասեն, թե տեղի ունեցածը ինքնասպանություն էր, ապա ո՞րն է եղել դրա ծանրակշիռ դրդապատճառը: Հարց է առաջանում՝ 39 տարեկան երիտասարդն ինչո՞ւ պետք է նման քայլի գնա»:

Պարոն Նորիկյանը ողբերգության մեջ նաև քաղաքական ասպեկտի առկայությունը չի բացառում: Ըստ նրա՝ հանգամանքը կարող է հասարակության շրջանում վախի կամ խուճախի մթնոլորտ ստեղծելու շարժառիթն ունենալը, ինչը, տվալ դեպքում, ամենավտանգավորն է:

«Հասարակությունն ու մարդիկ, ինչու ոչ՝ նաև իշխանությունները, պետք է կարողանան սթափ դատել, խուճապի չմատնվել, սադրանքների չտրվել: Գուցե փորձ է արվում վախեցնել կամ լռեցնել ինչ-ինչ գործընթացներ: Հնարավոր է անգամ այդ գործընթացները խեղաթյուրելու փորձ արվի այն մարդկանց կողմից, որոնց դուր չի գալիս երկրում իրականացվող գործընթացները, օրնակ, արդարության վերականգնումը և այլն: Ասածս այն է, որ մարդկանց սպառիչ պատասխան պետք է տրվի, թե իրականում ինչ է եղել»,- ասաց փաստաբան Նորիկյանը:

24News-ի հետ զրույցում նա հիշեց նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն ու ընդգծեց՝ այդպես էլ չիմացանք, թե ինչն է եղել նախկին ոստիկանապետի ինքնասպանության պատճառը: Նաև հարցադրում արեց՝ քննությունն իրականացնող մարմիներն արդյո՞ք ունեն համապատասխան տեղեկատվություն:

«Հասարակությունը ի վերջո պետք է ունենա այս հարցերի պատասխանները, չէ՞ որ այդ մարդիկ բավական պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել ու տիրապետել են ահռելի ինֆորմացիայի: Ամեն ինչ պետք է արվի, գործերի օր առաջ բացահատման համար»,-ասաց Նորիկյանը:

Վրույր Սևակ