Վանեցյանի նախկին օգնականը հերքում է անվանական զենք ստանալու մասին լուրը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախկին օգնական Վահագն Բոյաջյանից հետաքրքրվեց, թե որ արժանիքի համար է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն անվանական զենք նվիրել, որի մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը: Ի պատասխան` Վահագն Բոյաջյանը հայտնեց. «Այդ տեղեկությունը սուտ է, ես երբեք որևէ մեկից զենք, առավել ևս՝ անվանական, նվեր չեմ ստացել»:

Մեր այն հարցին՝ արդյոք ներկայումս աշխատանքային հարաբերություններ ունի ԱԱԾ նախկին տնօրենի հետ, արդյոք ներգրավված է նրա ստեղծած հիմնադրամի աշխատանքներում, Բոյաջյանը բացասական պատասխան տվեց՝ հերքելով այդ ինֆորմացիան ևս:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Armtimes.com-ը հրապարակել էր հոդված, որտեղ նշված էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ մի քանի կոնկրետ լրատվամիջոցների կողմից քարոզչական արշավ է իրականացվել, որն, ըստ հոդվածի, ներշնչվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Նշվում էր նաև, թե այս գործընթացը համակարգել է Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում և հիմա էլ նրա PR մենեջերն է: Ըստ հոդվածի՝ ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել:

Հիշեցնենք նաև, որ Արթուր Վանեցյանը հայտնել էր, թե հրապարակմամբ արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: