Դպրոցների նկատմամբ վարույթ է հարուցվել ջեռուցման ապահովման նորմերի խախտումների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

ջեռուցում

Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երեւանի եւ Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։

ԱԱՏՄ-ն ամենօրյա պարբերականությամբ ՀՎԿԱԿ-ից ստանում է դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ջերմաստիճանի շեղումների վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ՝ հունվարի 8-ից 14-ը ներառյալ արձանագրված ջերմաստիճանային ցուցանիշերը մի շարք դպրոցներում չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ մարտի 28-ի N12-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին։

Վարույթները հարուցվել են Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ․ 177, Մուշեղ Մխոյանի անվան հ․ 68, Րաֆֆու անվան հ․ 36, Միսաք Մեծարենցի անվան հ. 146 և հ. 136 հիմնական դպրոցներում, Կոտայքի մարզում գործող Հրազդանի հ․ 10 ավագ դպրոցում, Ջրառատի, Փյունիկի, Ֆանտանի, Կամարիսի, Ազատ Սիմոնյանի անվան և Կապուտանի միջնակարգ դպրոցներում։ Այս հաստատություններում ԱԱՏՄ զննումները շարունակվում են։

Հիշեցնենք՝ մինչ ջեռուցման շրջանի մեկնարկը ԱԱՏՄ ղեկավարի անունից պատկան մարմիններին ուղարկվել են գրություններ՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ հանրակրթական եւ նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների պահպանումն ապահովելու համար։ Իսկ ձմեռային արձակուրդներից հետո՝ դասերը սկսվելու նախօրեին, ԱԱՏՄ-ն կրկին հիշեցրել ու իրազեկել է դպրոցներում եւ մանկապարտեզներում ջերմային ռեժիմի պահպանման անհրաժեշտության ու նորմերի մասին։

Ընդգծենք, որ հատկապես մարզային ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմը երբեմն խախտվում է խիստ օբյեկտիվ պատճառներով։ Այս առումով ԱԱՏՄ-ն որդեգրել է գործընկերային քաղաքականություն, որի համաձայն՝ արձանագրված խնդիրների մասին տեղեկացվում է նաեւ այն պատկան կառույցներին, որոնց ենթակայությամբ գործում են դպրոցները, անհրաժեշտության դեպքում տրվում է խորհրդատվություն։ Վարույթ հարուցվում է այն հաստատությունների նկատմամբ, որտեղ շարունակաբար ցածր ջերմաստիճանը է արձանագրվում։

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ջեռուցման նորմերի պահպանումը հնարավորություն կտա խուսափել սովորողների շրջանում մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունների առաջացումից և տարածումից։

Սահմանված կարգով ԱԱՏՄ կողմից վարչական վարույթների հարուցումը կրում է շարունակական բնույթ։ Մարզային դպրոցների մասով ստացված տեղեկատվության հիան վրա ձեռնարկվում են համապատասխան քայլեր, որոնց մասին կիրազեկվի։