Փրկարարները «Մերսեդեսը» դուրս են բերել ձյան արգելափակումից, հետո այն բախվել է պատնեշին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ձյուն

Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 19-ին՝ ժամը 17:37-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Կ.) արգելափակվել է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Վերջինս շարունակել է ընթացքը:

Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատել են, որ արգելափակումից դուրս բերված «Mercedes-W124» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: