Խորապես սգում եմ լավագույն մասնագետի կորուստը․ Գագիկ Ծառուկյանի ցավակցական հեռագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական հեռագիր է հղել ՀԱՕԿ երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանի ընտանիքին: Ուղերձում ասված է.

«Խոր կսկիծով տեղեկացա, որ կյանքից հեռացել է հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը: Անուրանալի է Ռաֆայել Թորոյանի դերը հայկական սպորտի զարգացման գործում:

Նա մշտապես իր գիտելիքներն ու մասնագիտական ունակություններն օգտագործում էր սպորտի բնագավառի շարունակական զարգացման նպատակով: Լինելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Ռաֆայել Թորոյանը հանդես էր գալիս սպորտում առողջ մրցակցության գաղափարների տարածման ու ամրապնդման նախաձեռնություններով:

Խորապես սգում եմ այդ մեծ մարդու, լավագույն մասնագետի կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»: