Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով այլ բան նկատի ուներ․ Մակունցի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

«Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանություններ. մենք այսօր նման բան չունենք», - հարցին՝ արդյոք սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունը կքննարկի սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու հարցը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Եթե դուք ձեւակերպեք, թե ինչ նկատի ունեք սուպերվարչապետական համակարգ ասելով... Մենք ունեինք ընդդիմություն՝ սուպերվարչապետական համակարգում, որ իր լիազորություններով, գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր: Ես երբեւէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Առանձին գերատեսչությունների առումով մենք ունենք թեկնածուներ, որոնց առաջադրում է հենց ընդդիմությունը, ինչը նախկինում չի եղել:

Այսինքն այն, ինչը մենք համարել ենք սուպերվարչապետական համակարգ, մենք դրանով բոլորովին չենք սպասում, որ կոնկրետ աշխատանքային խումբ ձեւավորվի եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք: Ամենօրյա աշխատանքով մենք փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը եւ տալ բավականաչափ  լիազորություններ ընդդիմությանը, ինչը արվել է նախորդ տարվա ընթացքում»,- նշեց Մակունցը՝ որպես օրինակ բերելով այն, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն ընտրվել է ընդդիմության թեկնածուն, ինչը նախկինում երբեք չէր կարող տեղի ունենալ.

«Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իշխանությունը, կառավարությունը բացարձակապես շահագրգռված չէ ունենալ որեւէ ազդեցություն ոչ միայն հակակոռուպցիոն մարմնի նկատմամբ, այլև բոլոր այն մարմինների առնչությամբ, որոնք այսօր արդարադատության առումով կայացնում են որոշում: Սա է մեր սկզբունքը»:

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը, Մակունցը պատասխանեց․  «Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետեւ սուպերվարչապետության հարցին արդեն անդրադարձա»։