Երևանում վերջին հրաժեշտ տվեցին ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանին

ԵՐԵՒԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐ, 24News

Երևանում այսօր վերջին հրաժեշտ տվեցին ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանին, որի դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր հունվարի 17-ին Պարույր Սևակ փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում։ Կուտոյանի հուղարկավորության արարողությանը բացի ընտանիքի անդամներից և ընկերներից մասնակցում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և այլ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Գեորգի Կուտոյանը ԱԱԾ պետ էր նշանակվել 2016 թ-ի փետրվարին և պաշտոնավարել մինչև  2018 թ-ին տեղի ունեցած հեղափոխությունը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։ 

Կուտոյանի ողբերգական մահվան առանցքային վարկածը, ինչպես լրագրողների հետ զրույցում նշել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինքնասպանությունն է, սակայն քննվում են մնացյալ բոլոր հավանական տարբերակները։