Անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար․ Թավադյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

««5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ պարզ դարձավ, որ անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար», - լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանի կարծիքով՝ Թավադյանը կմնա կալանավորված այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել. «Հաշվի առնելով, որ դատարանն այնպիսի հարցադրումներ էր անում, որոնցից մեզ ակնհայտ էր բողոքի բոլոր պնդումները, դատարանը շատ լավ հասկացել է եւ իր հարցերով էլ ավելի էր հստակեցնում դրանք։ Դատարանը բողոքն ամբողջությամբ ընկալել է եւ իրավաբանական հարթության մեջ չեմ պատկերացնում որեւէ որոշում, որը կտարբերվի Թավադյանին ազատ արձակելու որոշումից։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է ամեն ինչ այդպես կանխատեսումներով լինում։ Դատական ակտի բովանդակությունից արդեն պարզ կլինի՝ ինչքանով է այս պրոցեսում աշխատել իրավաբանությունը»։

Լրագրողի դիտարկմանը, թե Թավադյանին մեղադրանք առաջադրվել է գործով մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի ցուցմունքի հիման վրա, քանի որ գործով այլ անձի մասնակցություն չկա, պաշտպանն ասաց.

«Միակ հնարավոր տարբերակը Վարուժան Մկրտչյանի ցուցմունքն է։ Գործով ուրիշ մասնակցություն չկա, դատական նիստի ընթացքում բարձրաձայնել ենք նաեւ այդ հարցերը, թե ինչու է նույն անձը, որը նույնպես մեղադրվում է նույն արարքի մեջ, ազատության մեջ։ Մենք չենք ասում, որ այդ մարդուն կալանավորեն, այլ միայն հավասար վերաբերմունքի մասին է խոսքը, խտրական վերաբերմունք կա պարոն Թավադյանի նկատմամբ»։

Խուդոյանն ասաց, որ Թավադյանը շփվել է Վարուժան Մկրտչյանի հետ, վերջինս ինչ-որ ժամանակահատված մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կազմակերպած ակցիաներին. «Այդքանով իրենց շփումը սահմանափակված է եղել։ Առանձնապես խորացված հարաբերություններ չեն ունեցել»։

Պաշտպանը նշել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը իր ներկայացրած բողոքի որոշումը կհրապարակի վաղը՝ 16։00-ին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչում քննվում էր Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։