Պահանջատերերի օգտին վերականգնվել է 25.73%-ով ավելի գումար․ ԴԱՀԿ 2019-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ  Դավիթ Բեգինյանը։ Այս մասին հայտնեցին Հարկադիր կատարման ծառայությունից: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի գործունեության արդյունքները։

Ըստ օրակարգի` ներկայացվել են ինչպես գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի, այնպես էլ իրականացված այլ առանցքային  ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ զեկույցներ։

Մասնավորապես՝ 2019 թվականին Ծառայությունը ընթացք է տվել 1 մլն 389 հազար 278 վարույթների, որոնց  կատարման շրջանակում  պահանջատերերի օգտին վերականգնվել է ավելի քան 35 մլրդ  881 մլն ՀՀ դրամ,  որը գերազանցել է նախորդ տարվա  համադրելի ցուցանիշը՝ շուրջ 25.73%-ով: 

Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար ՀՀ դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 18 մլրդ 733 մլն 98 հազար  ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 223 մլն 611 հազար ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 1 մլրդ 471 մլն 852 հազար ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով՝ 762 մլն 643 հազար ՀՀ դրամ:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 11 հազար 647 լոտ՝ 12 մլրդ 197 մլն 727 հազար ՀՀ դրամ արժողությամբ, վաճառվել է 9762 լոտ, 3 մլրդ 62 մլն 940 հազար ՀՀ դրամ արժողությամբ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանն ընդգծել է․

«Մենք շարունակելու ենք օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական տեխնոլոգիաների նոր գործիքակազմի ներդրման գործընթացը Ծառայությունում, և կատարողական վարույթների շրջանակում համապատասխան  կառույցների հետ փոխգործակցության ակտիվացումը, որն ուղղված է լինելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Եվ, յուրաքանչյուրս պետք է հետամուտ լինենք այդ բարեփոխումների իրականացմանը, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք՝ պահպանելով օրենքի բոլոր կետերը: Սա է մեր առաքելությունը՝ լինել բացատրելի, արժանանալ քաղաքացու վստահությանը, իսկ աշխատանքը՝ ծառայեցնել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետությանն ու արդարադատության պահպանմանը»։