Հրազդանի քաղաքապետը 537մլն դրամանոց հողատարածքն օտարել է 24մլն դրամով.գործն ուղարկվել է ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

.

ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը եւ հողաշինության բաժնի պետը, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006 թվականի մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հեկտար մակերեսով հողատարածքի օտարման ձեւական աճուրդ։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հիշյալ հողատարածքը իրական արժեքից ցածր գնով՝ 24․860․000 դրամով, փաստացի իրացվել է մի ընկերության սեփականատիրոջ։ Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537․500․000 դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, այնուհետեւ փոխանցվել մեկ այլ ընկերության։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։