«Հեպտատիտ Ց» վարակ պարունակող արյուն ներարկելու հետևանքով մահվան գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի՝ Վ. Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Մեղադրանք է առաջադրվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի երկու բուժաշխատողի։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վայոց ձորի բնակիչ Վ.Մարգարյանի մահվան մասին ահազանգն ստացվել է  2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային, իսկ հետագայում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Ըստ աղբյուրի, քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հիվանդի մահվան բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վ.Մարգարյանին առաջին բուժօգնությունը ցուցաբերած «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում  համապատասխան բուժաշխատողների կողմից անփույթ և  ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել  իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, որի հետևանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելիությունը և փոխներարկվել անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։

Հիվանդի եղբայրը և ընկերն արյան նմուշներ են հանձնել լաբորատորիա, որոնք ստուգվել են բժիշկ-սերոլոգի կողմից և փաստվել, որ  երկու դոնորներն էլ ունեն դրական ռեզուսով երկրորդ կարգի արյուն։ Սակայն բժիշկը, չպահպանելով սահմանված կարգի պահանջները, չի ստուգել դոնորական արյան և Վահե Մարգարյանի արյան համատեղելիությունը, ու առանց համապատասխան հետազոտության համատեղելիության վերաբերյալ նշագրում է կատարել։

Բացի այդ, չի իրականացրել նաև փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, որի արդյունքում սխալ տվյալներ է տրամադրել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին։  Վերջինս էլ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, չի կատարել անհրաժեշտ հետազոտությունը, ականջալուր չի եղել հիվանդի կնոջ պնդումներին, որ ամուսինն իրականում ունի դրական ռեզուսով 3-րդ խմբի արյուն, բուժքույր-անեսթեզիստին հանձնարարել է կատարել փոխներարկում, որի  արդյունքում կաթիլային եղանակով հիվանդին  փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն։

Շուրջ 130մլ փոխներարկելուց հետո վերջինիս մոտ նկատվել է անհամատեղելի արյան հետ կապված ռեակցիաներ՝ սկսվել է արյունամիզություն և ցնցումներ, ուստի փոխներարկումն անմիջապես դադարեցվել է: Նույն օրը երեկոյան հետագա Վ. Մարգարյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶ հոսպիտալ, սակայն «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անհամատեղելի արյան փոխներարկման հետևանքով նրա մոտ զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, ինչը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը և հանգեցրել հիվանդի մահվան։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ 

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։