Թուրքիան սաուդցի լրագրողի սպանության գործով ոչ մի երկրի ձայնագրություն չի տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է այն լուրը, թե իբր սաուդցի լրագրող Ջեմալ Քաշըքչըի սպանության գործով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ձայնագրություններ են փոխանցվել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն ալբանացի գործընկեր Դիտմիր Բուշատիի  հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտնել է. «Խոսք անգամ գնալ չի կարող այն մասին, որ Թուրքիան Պոմպեոյին կամ էլ որևէ մեկին ձայնագրություն է տրամադրել: Թուրքիան հետաքննությունից ստացված որոշ  տեղեկություններ և փաստեր ունի, բայց բացառվում է՝ որևէ երկրի հետ այս կամ այն տեղեկությամբ կիսվի»:

Արտգործնախարարի հավաստմամբ` Թուրքիան Քաշըքչըի գործի հետ կապված հետաքննության արդյունքները վերջնական պարզվելուց հետո դրանք թափանցիկ կերպով կներկայացնի ողջ աշխարհին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել: 

Սկզբում ենթադրվում էր, որ Քաշըքչըն ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Քաշըքչըն հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:

ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Քաշըքչըն աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով: