ՀՅԴ-ն իր դիրքորոշումն է հայտնել անասունների մորթի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

միս

ՀՅԴ ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հայտարարություն է տարածել  սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման՝ կառավարության դիրքորոշման մասին: Հայտարարությունը՝ ստորև. 

«Գյուղատնտեսությունը և մասնավորապես անասնապահությունը հանդիսանում են Հայաստանի տասնյակ հազարավոր ընտանիքների եկամտի եթե ոչ միակ, ապա հիմնական աղբյուրը: Ուստի, այս ոլորտում կառավարության ձեռնարկած ցանկացած քայլ պետք է միտված լինի ոլորտի զարգացմանը, դյուրացնի անասնապահությամբ զբաղվելը եւ բարձրացնի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունների ու ձեռներեցների եկամուտը:

Մինչդեռ, հերթական անգամ կառավարությունը խնդրի լուծումը պատկերացնում է ոչ թե ամբողջական, այլ հատվածային եւ չկշռադատված:

Խնդիրն այն է, որ թեեւ սննդի անվտանգության ապահովման կարեւոր մեխանիզմներից մեկը սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումն է, սակայն այն ենթադրում է բոլոր անհրաժեշտ եւ բավարար պայմանների առկայություն, որոնք ներկայումս բացակայում են: Ուստի, դրական արդյունք ապահովելու փոխարեն առաջանում են բարդություններ թե՛ անասնապահությամբ զբաղվողների, թե՛ անասունների մորթով զբաղվողների, թե՛  սպառողների համար:

Մասնավորապես.

Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում: Ավելին՝ այս վիճակում նշված պահանջի կիրառումը հանգեցնելու է մսամթերքի գների անվերահսկելի բարձրացմանը, ցածրորակ մսամթերքի ներմուծմանը` վնասելով տեղական արտադրությանը:

Հայաստանի մարզերում բացակայում են որակյալ եւ բավարար մրցակցություն ապահովող անհրաժեշտ քանակի սպանդանոցներ: Անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է ստեղծի այդպիսի համակարգ՝ ամբողջությամբ պետական կամ մասնավորի հետ համատեղ (այդ թվում՝ ֆերմերների եւ գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ):

Ֆինանսական լրացուցիչ բեռ է դրվում գյուղացու (անասուն ունեցողի) վրա:

Սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումը պետք է տնտեսապես շահավետ լինի թե՛ գյուղացու, թե՛ սպանդանոցը գործարկողի եւ թե՛ սպառողի համար:

Անասունների մորթի գործում մասնագիտացած անձինք չպետք է հայտնվեն գործազուրկի կարգավիճակում, այլ պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական որակներն օգտագործել սպանդանոցային մորթի բնագավառում՝ ապահովելով աճող եկամուտ իրենց ընտանիքների համար:

Պետք է ընդլայնել եւ բարձրացնել անասնաբուժական ծառայությունների հասանելիությունն ու որակը՝ անհրաժեշտ դեղորայքը ժամանակին ապահովելու եւ բարձրակարգ անասնաբույժների համակարգի ստեղծման միջոցով:

Հանրային, համայնքային եւ պետական պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով հարկ է վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Վերը նշված պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատել եւ գործադրել գործողությունների հստակ ծրագիր եւ ժամանակացույց, ոլորտի խրախուսման եւ պետական աջակցության նոր փաթեթի ընդունում՝ ի հավելումն աջակցության գործող մեխանիզմների:

Տեսանյութեր

Live

Լրահոս