Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը հարցաքննվել է. «ՀԺ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

կուկու

Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղմ պատժի դատապարտված «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը հարցաքննվել է: Այդ մասին հայտում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին:

Գլխավոր դատախազի տեղակալը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը և նոր քննություն սկսելու համար ուղարկել այն առաջին ատյանի դատարան:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ գործով առանցքային վկա Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի՝ անցած տարի ներկայացրած դիմումի հիման վրա Պողոսյանի սպանության գործով Քննչական կոմիտեում նոր վարույթ էր հարուցվել:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ ձեռք են բերվել նոր հանգամանքներ, որոնք վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության մասին:

Ձեռք բերված նոր հանգամանքներից մեկը, Աղամալ Հարությունյանից բացի, սպանությանն այլ անձանց մասնակցությունն է, որը նախկինում քննության առարկա չի եղել:

Մյուսը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքներն են, որոնք տարբերվում են նախկինում քրգործով եզրակացության տվյալներից: Առաջին ատյանի դատարանը 2002-ի դատավճռով հաստատված էր համարել այն հանգամանքը, թե «Առագաստ» սրճարանի զուգարանում Աղամալ Հարությունյանի և Պ. Պողոսյանի միջր տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որի ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, ինչի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Այնինչ, ըստ դատախազության, Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատվում են, որ մի խումբ անձինք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, եւ պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:

Տեսանյութեր

Live

Լրահոս