ԱԳ նախարարն ուսանողներին ներկայացրել է ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

.

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին հանդիպում անցկացրեց Ամերիկյան համալսարանի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը եւ ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձեւաչափով հանդիպումների եւ երկխոսության այսօրինակ հարթակի կարեւորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ երիտասարդ մասնագետների առավել լայն ներգրավվածություն: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարեւորեց Հայաստանի կրթական կյանքում Ամերիկյան Համալսարանի դերը՝ որպես բազմաոլորտ մասնագետների պատրաստաման դարբնոց:

Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ ԱԳ նախարարը նշեց, որ այն մեծ պատասխանատավություն, նվիրվածություն, միեւնույն ժամանակ ստեղծագործ մոտեցում պահանջող աշխատանք է:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձավ տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրներին եւ դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ու մոտեցումներին:

Հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը եւ դեկան Բրայան Էլիսոնը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի միջեւ համագործակցության մասին հուշագիրը, որի նպատակն է Նախարարության գործունեության բնագավառին առնչվող ծրագրերի շրջանակներում հետազոտությունների եւ վերլուծությունների իրականացումը: