Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթի թեկնածուներից մեկը «Նավակ ճոճողն» է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նավակ1

Առողջապահության նախարարությունը հունվարի 22-ին կանցկացնի ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ։ Այդ մասին հայտնում է Armtimes.com-ը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը նշել է, որ մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 7 թեկնածու: Նախարարությունից, սակայն, հրաժարվեցին հայտնել թեկնածուների անունները:

Ըստ աղբյուրի՝ թեկնածուներից մեկը նշված փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի տնօրեն, դեղագետ Աղավնի Գինոսյանը, մյուս թեկնածուն դեղագետ Վիլեն Գաբրիելյանն է, որը սոցիալական ցանցերում հայտնի է «Նավակ ճոճողը» անունով:

Մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հավակնորդները նախ կմասնակցեն գրավոր թեստի փուլին: Առաջադրանքները կատարելուց հետո կանցնեն հարցազրույցի փուլը: 2-րդ փուլը հաղթահարած անձինք բանավոր կներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը: 

ՀՀ առողջապահության նախարարությունը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել էր 2019 -ի նոյեմբերի 8-ից: Նախկին տնօրեն Լևոն Մելիքյանն այդ պաշտոնում մեկ տարի էլ չէր աշխատել: Նախարարի հրամանով նա նշանակվել էր 2019 թվականի մայիսի 6-ին: