«Շշի Մելո» մականվամբ հայտնի գործարարի դեմ մահափորձ պատվիրողը ներկայացել է քննչական բաժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ՇՇի մելո

Հունվարի 21-ին Հայաստանի ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ 50-ամյա Պետրոս Սահակյանը։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, իսկ երեկ նաև մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը հայտնի «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու, ինչպես նաև 2018-ին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու և ծեծկռտուքին մասնակցություն ունենալու գործերով։

2017-ի օգոստոսին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի խումբ անձինք, որոնք հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել էին «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն նախկին պատգամավորը մերժել էր նրանց առաջարկը, որը հետո վերածվել էր փոխադարձ վիրավորանքների, հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը «օրենքով գող» էր, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել էր Մանուկյանի գլխին:

Աղբյուրը նաև նշում է, որ կատարվածի մասին Աբովյանի ոստիկանությունը չէր իմացել, քանի որ թե՛ նախկին պատգամավորը, թե՛ «օրենքով գողն» ու նրա համակիրներն դեպքը փորձել էին կոծկել՝ մտածելով, որ «պատվաբեր չէ», որ այս դեպքով զբաղվեն իրավապահները: