ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են:
«Փաստի» տեղեկություններով՝ Նուբարաշեն համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում, որպեսզի դրանով նորընտիր քաղաքապետի մոտ տպավորություն ձեւավորի, թե թաղամասի բնակիչներն իր հանդեպ մեծ վստահություն ունեն ու այդկերպ շարունակի պաշտոնավարել: Եվ սա այն դեպքում, երբ 2017 թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն Նուբարաշենում ամենաշատ ձայներն էր հավաքել:
Ըստ շրջանառվող լուրերի, Կիրակոսյանն այն ժամանակ նման արդյունքի հասել է՝ ողջ վարչական ռեսուրսն օգտագործելով ու ընտրակաշառք բաժանելով, որի մասին այն ժամանակ հայտարարեցին ընդդիմադիր ուժերից՝ «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց Արթուր Կիրակոսյանի հետ։ Նա հերքեց այդ տեղեկությունը: Իսկ հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է շարունակել աշխատել նորընտիր քաղաքապետի հետ, Ա. Կիրակոսյանն ասաց, որ հարցը լավ չլսեց, այդ պահին իրեն հարմար չէ զրուցել և խնդրեց ավելի ուշ զանգահարել, իսկ ավելի ուշ նա զանգերին չպատասխանեց»: