«Լուսավոր Հայաստան»-ի շոուն չստացվեց, «Իմ քայլը» չմասնակցեց բեմադրությանը․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ԼՀԿ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։

««Լուսավոր Հայաստան»-ի ՇՈՈՒՆ չստացվեց։ Համառոտ ներկայացնեմ ՇՈՈՒ-ի սցենարը։

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանն ու Դավիթ Խաժակյանը դեռ դեկտեմբերին հայտարարեցին, որ կասկածներ ունեն, թե Երևանի քաղաքապետարանին աղբատար ավտոմեքենաների նվիրատվության գործընթացում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, և ավելին, որ մեքենաների փոխարեն քաղաքապետարանում փողն են վերցրել։

Այնուհետև քաղաքապետարանը պահանջեց կա՛մ ներկայացնել փաստեր, կա՛մ հերքել տեղեկատվությունը, քանի որ այն ոտքից գլուխ կեղծ է։

Մինչ օրս որևէ փաստ չի ներկայացվել, հերքում չի տարածվել։

Ավելին՝ հունվարի 21-ին ՀՀ Դատախազությունը հայտարարություն է տարածում այն մասին, որ Երևանին նվիրաբերություններ կատարելը ՔՕ օրենքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում (Հղումը՝ https://armenpress.am/arm/news/1002052.html…):

Այսինքն՝ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների տարածած տեղեկատվությունը ոչ միայն չհաստատվեց, այլև հերքվեց ՀՀ Դատախազության կողմից։

Բայց սա չի խանգարում նրանց ԱԺ բերել այս փաստերը ստուգելու համար Քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Ստուգելու համար փաստեր, որոնք հենց իրենք են դաշտ նետել՝ ունենալով 0 ապացույց։

Ի՞նչ է սա, եթե ոչ ՇՈՈՒ կազմակերպելու փորձ։

Էլ չեմ խոսում իրավական կողմերի մասին, էլ չեմ խոսում նրա մասին, որ տվյալ քննիչ հանձնաժողովը պետք է գլխավորեր մի մարդ, ով իր ելույթում դեռ ոչինչ չքննած հասցրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությանն անվանել անկարող, իսկ նվիրատվություն ստացողներին կոռուպցիոներ։

Կարճ ասած՝ մեր խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սցենարական տաղանդով միմյանց ոչնչով չեն զիջում :)

Հ․ Գ․ Այնուամենայնիվ, այսքանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է ավագանու լիազորությունների շրջանակում ստեղծել նման քննիչ հանձնաժողով։
(Հղումը՝ https://www.facebook.com/imqayle/posts/542237039712643?__tn__=K-R

Իմ գնահատմամբ քննիչ հանձնաժողով ստեղծելու որևէ հիմք չկա։

ՇՈՈՒՆ չստացվեց, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց բեմադրությանը։