ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

.

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը հունվարի 22-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի  և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության դերակատարումը Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս առումով շեշտվել է հատկապես ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նշված ոլորտների ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների սահմանումը: Արմեն Հարությունյանն ընդգծել է դրանց նշանակությունը հատկապես 2018թ. տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:

Տիկին Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ՀՀ կողմից դրսևորվող հետևողականությունն ու առարկայական ձեռնարկումները՝ փոխանցելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով այդ նախաձեռնություններին օժանդակելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

Իր հերթին պարոն Վասիլիս Մարագոսը նկատել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է ինչպես բարեփոխումների ռազմավարական ուղղությունների նախանշման, այնպես էլ իրականացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում դատախազության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները, որոնց ուղղությունների մասին նախնական քննարկումներ էին ծավալվել դեռևս 2019թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած հանդիպման ընթացքում: Խոսքը, վերաբերում է, օրինակ, այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիտուտի ներդրմանն համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակությանը, որի արդյունքում էականորեն կնվազեն խափանման միջոց կալանքի կիրառման դեպքեր:

Բացի այդ, նկատի ունենալով, որ վերջին շրջանում ավելանում է համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով կատարված հանցագործությունների թիվը և դրանց քննության ընթացքում երբեմն առաջանում են որոշակի դժվարություններ՝ ՀՀ դատախազության կողմից առաջարկվել է քննարկել դատախազների և քննիչների համար կիբերհանցագործությունների գործերով քննության մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, հմտությունների կատարելագործման այլ եղանակների կիրառման հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, կոռուպցիոն և ֆինանսական հանցագործունթյունների գործերով դատավարական հսկողություն իրականացնող  դատախազներին մեթոդաբանական, փորձագիտական աջակցություն ցուցաբերելու կարիք է առաջանալու, որը ևս ԵՄ ծարգրերի շրջանակում գործակցության լայն հնարավորություններ է ստեղծում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նշված բոլոր ուղղություններով համագործակացության նախագծեր մշակելու, այդ նպատակներով շփումներն առավել ինտենսիվ դարձնելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:     

Տեսանյութեր

Live

Լրահոս