Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

իրավական

«Դատախազությունն ուսումնասիրում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից վարչապետի ընտանիքի դեմ հակաքարոզչությունը համակարգելու մասին մամուլի հրապարակումը», - այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Անդրադառնալով Վանեցյանի վերաբերյալ մյուս հրապարակումներին՝ հեղաշրջման հնարավոր տարբերակների մասին, դատախազի խորհրդականը նշեց, որ բոլոր հրապարակումներին տրվել է ընդհանուր մոտեցում և դեռ ուսումնասիրման փուլում են գտնվում։ 

Հիշեցնենք, որ հրապարակումն արվել էր հունվարի 12-ին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում, հրապարակման մեջ մասնավորապես նշվել էր, որ հայտնվել են փաստեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։

Նշենք, որ Վանեցյանը հրապարակմանն արձագանքել էր նույն օրը և հայտարարել, որ իրեն վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ կեղծիքն անպատասխան չի մնալու։ 

«Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները»,- նշել էր ԱԱԾ նախկին տնօրենը։

Սոնա Գրիգորյան