Դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակված գնդակի փաստի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

.

 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ, դատավորի տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Գրառման մեջ ասվում է.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ, դատավորի տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար հարկ եմ համարում նշել, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է կոտրված, որը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռևս հունվարի ութին՝ այս տարվա աշխատանքային առաջին օրը աշխատասենյակ մտնելուց հետո, սակայն, ապակու ներսի շերտը եղել է անվնաս: Եվ միայն հունվարի 21-ին երկու ապակիների արանքում գնդակը հայտնաբերելուց հետո է Տ. Գրիգորյանը դիմել ոստիկանություն: Այսինքն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին, որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին, առավելևս, որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին:

Չնայած այս հանգամանքին, ինչպես նաև նրան, որ քրեական գործը հարուցվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով, նախաքննության ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»: