Ամեն պատեհ և անպատեհ առիթներով քրգործերի հարուցումը վնասելու է նույն կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Ամեն պատեհ և անպատեհ առիթներով քրեական գործերի հարուցումը կարող է պատճառ դառնալ, որ պետական ծառայողները ոչինչ չանեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ողջ պետական համակարգը դիմադրում է։ Պատկերացրեք, եթե պետական ծառայողը, որը մեկ անգամ հարցաքննվել է որևէ տնտեսվարողի օգտին մի կարծիք տալու համար, ռացիոնալ վարքագիծ կդրսևորի՝ ոչինչ չանել։ Իրականում կառավարությունը շատ մեծ ուշադրություն պետք է դարձնի սրան»,- ասել է Արամյանը։ 

Ըստ նախկին նախարարի՝ ամեն պատեհ և անպատեհ առիթներով քրգործերի հարուցումը վնասելու է հենց նույն կառավարությանը։
«Կառավարությունը չի կարողանալու իր մասնագետներին ստիպել որոշումներ կայացնել, պատասխանատվություն վերցնել։ Լավագույն վարքագիծը, որն իրենք դրսևորելու են, հնարավորին չափով պարտավորության կամ պատասխանատվության տակ չմտնելն է, քանի որ ամեն քայլափոխի կարող է քրեական գործ հարուցվել, ինչ-ինչ բաներով սկսեն հարցաքննել՝ անկախ նրանից ինքն օբյեկտիվ է արել դա, չի գիտակցել, թե այլ բան»,- նկատել է Արամյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։