Կառավարության նախագծով 2020թ․-ին կպահպանվի նպաստառու ընտանիքների թվաքանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

հասարակական

Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել 2019 թվականի հունվարի 24-ի «Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների հաստատելու մասին» N 50-Ն որոշման մեջ։

Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների շրջանակներում տալ ընթացիկ միջանկյալ լուծում, այն մոտեցմամբ, որ ապահովվի սահուն անցում դեպի ամբողջական համակարգային փոփոխությունները, որոնք արդեն իսկ սկսված են:

Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունը աղքատության (առավելապես ծայրահեղ) մակարդակի վրա (աղքատության մակարդակը 2.6 տոկոսային կետով ավելի բարձր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոսի փոխարեն 3.6 տոկոս, կլիներ ընտանեկան և սոցիալական նպաստների բացակայության պայմաններում) նախածով առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները, անփոփոխ: Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է 2020 թվականի համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00: Կատարված վերլուծությունների տվյալների համաձայն նպաստի իրավունքը պահպանում են 11354 ընտանիք, նպաստառու են դառնում՝ 962 նոր ընտանիքներ: Առաջարկված փոփոխության, ինչպես նաև 2019-ին իրականացված այլ փոփոխությունների՝ մասնավորապես սեզոնային աշխատանքի իրականացման պարագայում նպաստի համակարգից դուրս չմնալու, «Նպաստ+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունների պայմաններում կանխատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրից օգտվող ընտանիքների թիվը կհասնի շուրջ՝ 98763-ի: