«Իմ քայլի» պատգամավորը կոպտորեն խախտել է էթիկայի նորմերը. Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը բացահայտ անհարգալից է վերաբերվել քաղաքացիական հասարակության ներկայացուցչին եւ զրկել նրան ազատ խոսքի իրավունքից: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը:

««Հանրային վերահսկողության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ հունվարի 21-ի երեկոյան պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այցելել է Արտաշատ քաղաք` պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրենսդրական պահանջի դեմ բողոքող ֆերմերների հետ հանդիպման: Հարությունյանի կողմից պատգամավորին ճշտող հարց ուղղելու փորձը անմիջապես կանխվել է. Ռուստամ Բաքոյանը Բաբկեն Հարությունյանին անվանել է «պրովոկատոր» եւ կոչ է արել հեռացնել նրան դահլիճից` քննարկումը շարունակելու համար: Քաղաքացին, այսպիսով, զրկվել է խնդրին առնչվող իր հարցն ուղղելու սահմանադրական իրավունքից:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուսումնասիրել է դեպքը եւ փաստել, որ իշխանական պատգամավորը, ով տվյալ պահին իրականացրել է իր լիազորություննեորը, ոչ միայն չի փորձել ցուցաբերել զսպվածություն եւ հանդուրժողականություն, ինչը պարտավոր էր անել օրենքի պահանջով, այլեւ ինքն է նախաձեռնել սադրիչ գործողություններ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի նկատմամբ հրահրելով չարդարացված դժգոհություններ եւ հասնելով դահլիճից անցանկալի անձի հեռացմանը` պատգամավորն իր համար ստեղծել է քաղաքացիական հասարակության հսկողությունից դուրս գործելու պայմաններ: Ավելին` հանդիպման տեսաձայնագրությունների միջոցով հետեւելով Ռ.Բաքոյանի խոսքին, պարզ է դառանում, որ պատգամավորը նախապես է փորձել քայլեր ձեռնարկել Բաբկեն Հարությունյանի մասնակցությունը քննարկմանը խոչընդոտելու ուղղությամբ` նախքան ակցիայի վայր հասնելը:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն արձանագրում է, որ պատգամավոր Ռ.Բաքոյանը, օգտագործելով իր դիրքը, իր կուսակից ընկերների միջոցով թույլ է տվել խոսքի ազատությունը խոչընդոտող գործողություններ: Խորհուրդը նաեւ գտնում է, որ «պրովոկատոր», «պրովոկացիա է անում», «իր պրովոկացիաների միջոցով խանգարում է» արտահայտություններով պատգամավորը իրեն թույլ է տվել այլոց անձը եւ արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ:

Խորհուրդը համապատասխան եզրակացությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ», - ասված է հայտարարության մեջ։