Ծիտիկների հետ կապված ուզում են դիմել էթիկայի հանձնաժողով․ ԱԺ փոխնախագահն իր գրառման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

«Եթե ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին ասելու բան ունենամ, ապա այստեղ կասեմ, որեւիցե ձեւով անհանգստանալու բան չունեմ», - անդրադառնալով այն կարծիքին, թե ֆեյսբուքյան իր էջում արած մեկնաբանությունը պետք է քննի Էթիկայի  հանձնաժողովը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես նման բան Արզումանյանի հասցեին չեմ գրել, ես նրան պատասխանել եմ՝ «Դուք»-ով։ Հետագայում, որ խոսքը գնացել է ծիտիկների մասին, ասել եմ՝ ծիտիկներին շան տեղ պետք չէ դնել։ Եթե ինչ-որ մարդիկ կան, որ ծիտիկների հետ կապված ուզում են դիմել էթիկայի հանձնաժողովին, որ ծիտիկներին ասել եմ՝ շան տեղ չդնել, դեմ չեմ, թող դիմեն, կարող են նաեւ ՄԱԿ-ին դիմել եւ կենդանիների պաշտպանության որոշ կազմակերպություններին»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե որեւէ մեկին ինչ-որ ասելու բան ունենա, կասի.

«Տիկին Արզումանյանի հետ իմ զրույցն ավարտել եմ այն պահին, երբ իր հարցին՝ «Դուք»-ով պատասխանել եմ։ Եթե ինչ-որ մեկին մի բան եմ ասում, ապա ասում եմ՝ ուղիղ, ու դա հայտնի է։ Եթե Արզումանյանի, թե այլ մեկի բան ասելու ունենամ, ապա այստեղ կասեմ, որեւիցե ձեւով անհանգստանալու բան չունեմ», - եզրափակեց իր միտքը ԱԺ փոխնախագահը։