Գինեգործության զարգացումը մեր առաջնահերթություններից է. գյուղնախարարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 19-ին առաջին աշխատանքային այցը կատարեց «Ի-Վի-Էն գինու ակադեմիա», այնուհետև`  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Այդ մասին տեղեկացնում է նախարարությանմամուլի ծառայությունը։

Աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ընկերակցությամբ և մոդելով հիմնադրված կրթական այդ հաստատությունը ոչ միայն պատրաստում է գինեգործության ոլորտի որակյալ կադրեր, այլև ձեռնամուխ է լինում նրանց աշխատանքի ապահովմամբ գինու արտադրության ամբողջ արժեշղթայում։

Գեղամ Գևորգյանը ներկայացրեց ոլորտի հետագա զարգացման հետ կապված իր պատկերացումները՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է ունենալ նոր խաղողի այգիներ, համապատասխան սորտեր, նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ կարող ենք միջազգային շուկային ներկայացնել նոր ու հետաքրքիր գինիներ:

«Այսօր խաղողագործությունը, գինեգործությունը մեծ տեմպերով զարգանում են, դա շատ հետաքրքիր ոլորտ է։ Կառավարության անցած նիստում վարչապետը հստակ դիրքորոշում հայտնեց, որ մենք ունենք մեծ ներուժ: Հիմա մենք այդ ներուժը զարգացնում ենք: Առաջին հերթին պետք է կարողանանք խաղողի համապատասխան սորտերով ապահովել ոլորտը, որոնք էլ կարող են դառնալ լավորակ արտադրանք՝ գինու, կոնյակի տեսքով, որը կկարողանանք ներկայացնել աշխարհին: Իմ առաջին աշխատանքային այցը ես կատարեցի կրթական հաստատություն, որովհետև մեր ապագան ու ներուժը մարդկային ռեսուրսներն են, և դա պետք է օգտագործենք: Մենք պետք է ունենանք որակյալ ապրանք, որը կկարողանանք աշխարհին ներկայացնել, իսկ այդտեղ կարևոր են, առաջին հերթին, մասնագետները: Ինչպես տեսանք, մենք ունենք այդ ներուժը, հիմա կարող ենք վստահաբար գնալ առաջ ու հիմնել նոր խաղողի այգիներ, որովհետև այսօր աճող տեմպերով զարգացող գինու ծավալների համար մենք վաղը պետք է անհրաժեշտ հումք ունենանք: Մենք այս տարի, անցյալ տարվա համեմատ, արդեն ունենք շուրջ 2 միլիոն լիտր ավելի արտահանում, ունենք մեծ ներուժ ներքին շուկայում, նկատելի է, որ տարեցտարի կրճատվում են ներմուծման ծավալները և փոխարինվում են տեղական գինիներով, և անընդհատ նոր շուկաներ ենք հայտնաբերում, որտեղ հետաքրքրված են հայկական գինիներով: Այսինքն՝ բրենդավորման ու մարքեթինգի շնորհիվ գտնում ենք նոր շուկաներ, մնում է ապահովել այդ շուկաների պահանջարկին համահունչ ապրանք»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

Նախարարի պաշտոնակատարի աշխատանքային հաջորդ կանգառը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն էր: Նախարարը ծանոթացավ հիմնադրամի աշխատակիցների հետ և նշեց, որ հատկապես այս կառույցի ամենօրյա ու տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանում գինեգործության ոլորտը բուռն զարգացում է ապրում, արտադրության ու արտահանման ծավալների լուրջ աճեր են գրանցվում։