Դեղ գնելիս քաղաքացին իր հեռախոսով կկարողանա ստուգել՝ դեղը հավաստագրվա՞ծ է, թե՞ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

դեղ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունից: Դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։ Այսպիսով՝ օրինագծի նպատակն է վերահսկելի դարձնել դեղերի շուկան: Մասնավորապես՝ «Վերո սիսթեմ» և «Մեկ պատուհան» համակարգերի ծրագրային փոխկապակցման միջոցով անհնար կդառնա չհավստագրված դեղի դրոշմապիտակավորումը և «Վերո սիսթեմ» համակարգ տվյալների մուտքագրումը՝ «Վերագրել դրոշմապիտակներին ապրանքներին» ենթաբաժնում ավելացնելով պարտադիր լրացման ենթակա 2 դաշտ՝ համապատասխանության հավաստագրի և այդ հավաստագրով ներմուծված համապատասխան քանակով դեղի հերթական համարները: Այդ դեպքում «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս, հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված և անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, որը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։ Նախագծի ընդունման դեպքում կբացառվի ԵԱՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ժամանակ (երբ բացակայում է մաքսային հսկողությունը և դեղերը ազատորեն տեղափոխվում են ընկերության պահեստներ) «Միասնական մեկ պատուհան» համակարգի և պետության կողմից սահմանված այլ ընթացակարգերի շրջանցման ակնհայտ հնարավորությունը, որից օգտվում են բազմաթիվ ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորող ընկերություններ։ Արդյունքում, որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել և ազատորեն իրացվել սպառողներին:

Ամփոփելով օրինագծի շուրջ ծավալված քննարկումը՝ վարչապետը նշել է. «Կարող ենք արձանագրել հետևյալը՝ երրորդ երկրներից բերելու պարագայում, մենք հնարավորություն ունենք վերահսկել, և ըստ էության նաև պարտադրել, որ հավաստագրման պրոցես անցնի: ԵԱՏՄ-ի պարագայում մենք օրենսդրական պահանջն ունենք, բայց մեխանիզմը չունենք պարտադրելու: Հիմա մենք ոչ թե պարտադրելու մեխանիզմ ենք դնում, այլ հետո վերահսկելու մեխանիզմ: Այսինքն, ըստ էության, չնայած օրենսդրական պահանջին ԵԱՏՄ-ից կարող է ներմուծել, ուղակի դրոշմապիտակավորել և առանց հավաստագրման ուղարկել դեղատնային ցանց: Հիմա այս նորամուծության ներդրումից հետո, եթե այդպիսի բան տեղի ունենա, տեսչական մարմինը կամ նույնիսկ քաղաքացիները կարող են նայել, որ դա հավաստագրված չի և համապատասխան տնտեսվարողը կենթարկվի վերահսկողության, և դա չպահելու դեպքում պատասխանատվության»:

2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը
Հավանության է արժանացել նաև «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ։ Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ, որով 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Արդյունքում՝ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է նման օրինագծի ընդունման կարևորությունը և նշել. «Շատ լավ կլինի, եթե այս օրենքով նախատեսված իրողությունը կյանքի կոչվի ոչ թե օրենքի բերումով, այլ մեր համընդհանուր վարքագծի փոփոխության բերումով: Այսինքն՝ շատ լավ կլինի, որ մենք նաև սեփական օրինակով, նաև մեր սիրելի հայրենակիցները, հենց այսօրվանից աշխատեն հնարավորինս քիչ օգտագործել այդ պլաստիկը, որովհետև մենք հետո տեսնում ենք, որ այդ պլաստիկ տոպրակները հայտնվում են մեր ճանապարհների եզրերին՝ «զարդարելով» մերձճանապարհյա ծառերը, թփերը և ընդհանրապես մեր միջավայրը: Դա իսկապես շատ լուրջ բնապահպանական, նաև սոցիալ-հոգեբանական խնդիր է, որովհետև մեր միջավայրը աղտոտվում է: Եվ լավ կլինի,որ մինչև 2022 թ-ը մենք արդեն մեր վարքագծով, մեր գիտակցության բարձրացման միջոցով, արդեն հասած լինենք այն իրողությանը դե ֆակտո, որին ուզում ենք դե յուրե հասնել 2022 թ-ին: Այնպես որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, մեր երկրում ապրող բոլոր մարդկանց կոչ եմ անում, խնդրում եմ՝ հնարավորինս քիչ օգագործել պլաստիկե տոպրակներ, և օգտագործել բազմակի օգտագործման տոպրակներ առևտուր անելիս և ընդհարապես կյանքում: Այդպիսի կուլտուրա մենք ունեցել ենք նախկինում՝ խորհրդային տարիներում»: