«Էրեբունի Պլազա»-ում կրակած անձը Արտաշատի բնակիչ Արթուր Թորոսյանն է․ SHAMSHYAN.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում կրակոցներ արձակած քաղաքացին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Թորոսյանն է:

Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի ներսում կրակոցներ են հնչել։ Այնտեղ գտնվող անձանց տարհանում էին, և դեպքի վայր էին ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկային։ Այնուամենայնիվ, դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները։