«Գործուղման վճար» ձևակերպումով՝ Ազատամուտ համայնքի ղեկավարը յուրացրել է 276.000 դրամ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: 

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել  Ազատամուտ համայնքի ղեկավարի, ինչպես նաև նույն համայնքի կոմունալ ծառայության տնօրենի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քերական գործը:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործերը հարուցվել են Տավուշի մարզի նույն համայնքի ղեկավարի և համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ, 24.08.2018 թ. որոշում է կայացվել քրեական գործերի նախաքննությունը մեկ վարությում շարունակելու մասին:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականներին  Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Մարտիրոսյանը համայնքի բյուջեից ստացել և առերևույթ յուրացրել է իր անվամբ դուրս գրված և որպես գործուղման վճարներ ձևակերպված ընդհանուր 276.000 ՀՀ դրամ զգալի չափերով գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Ժ.Մարտիրոսյանի  նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում էր կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: