Սորոսը 1 մլրդ դոլար կհատկացնի ավտորիտարիզմի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

հասարակական

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլրդ դոլար կտրամադրի համաշխարհային համալսարանի ստեղծման համար` ավտորիտար կառավարությունների և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նպատակով: Այս մասին միլիարդատերն ասել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս, հայտնում է Bloomberg-ը: 

Միլիարդատերն ընդգծել է, որ երկարաժամկետ ռազմավարության գլխավոր նպատակը որակյալ կրթությանը հասանելիությունն է:  

«Հաշվի առնելով կլիմայական վիճակը և ամբողջ աշխարհում անկարգությունների ալիքը` չափազանցված չի լինի ասելը, որ 2020 թվականը և դրան հաջորդող տարիները պետք է որոշեն ոչ միայն Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճակատագիրը, այլև ամբողջ աշխարհի»,- ասել է Ջորջ Սորոսը:

Նա նաև նշել է, որ ուսուցման և հետազոտությունների միջազգային հարթակը ծրագրվում է ստեղծել «Բաց հասարակություն» համալսարանական ցանցի բազայի հիման վրա: 

Իր ելույթում Սորոսը խոսել է ԱՄՆ «գերտաքացած» տնտեսության, Facebook Inc.-ի գերիշխող դիրքի և Սի Ցզինփինի, Նարենդրա Մոդիի, Դոնալդ Թրամփի ավտորիտար կառավարման մասին, ի դեպ, Թրամփին նա անվանել է «խաբեբա և ինքնասիրահարված»: