Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը։

«Տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչները և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։ Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես, Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը»,-ասել է նա, ապա հավելել, որ  համապատասխան միջնորդություն են ներկայացրել։

«Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ անձին թույլ չի տրվում որոշումը կարդալ։ Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն բերվում։ Այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ ես չեմ կարողանում մեկնաբանություններ բերել», - հայտարարել է Ամրամ Մակինյանը։