Խոշտանգման մեջ կասկածվող ոստիկանների հարազատները բացեցին ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Ձերբակալված ոստիկանների հարազատները բացել են Երևան-Սևան ճանապարհը, որը փակ էր այսօր՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտից։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Երթևեկությունը կարգավորվել է, ոստիկանների հարազատների հետ բացատրական աշխատանք է կատարվել»,- պարզաբանել է Ջանոյանը։

Ձերբակալված ոստիկանները Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորներն են, որոնք ձերբակալվել են Ա. Մ.- ին խոշտանգելու կասկածանքով։

Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակից Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:

Չնայած դրան, ձերբակալված ոստիկանների հարազատները պահանջում էին ազատ արձակել նրանց։