Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News         

ԶԼՄ

Lրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով 2019 թ. աննախադեպ էր: 2018 թ․22 դատական հայցի դիմաց նախորդ  տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Մելիքյանն ասել է, որ հայցերից 89-ը վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման, 1-ը՝ տնտեսական վեճ է, մի դեպքում ԶԼՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի, մի դեպքում էլ՝ ընդդեմ կառավարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի:

Ըստ ԽԱՊԿ նախագահի՝ չնայած մտահոգիչ ցուցանիշներին՝ իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ լրատվամիջոցները ողողված են կեղծ լուրերով, վիրավորանքներով ու մանիպուլիացիաներով։

«Կարծում եմ, որ դատական գործերի հոսքը մեծապես դրանով է պայմանավորված։ Ի տարբերություն դատական գործերի՝  զգալի նվազել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը: 2019-ին  գրանցվել է նման 4 դեպք` նախորդ տարվա 21-ի դիմաց։ Կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց»,-ասել է Մելիքյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ աճել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը՝ նախորդ 98-ի փոխարեն 2019 թվականին այն կազմել է 108։

«Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերը հիմնականում կապված են պետական գերատեսչությունների հետ: Թեպետ գերատեսչությունների ղեկավարներն ակտիվ են սոցիալական ցանցերում, ուղիղ հեռարձակումներով հաճախ են անդրադառնում տարբեր թեմաների, սակայն մամուլի ծառայության աշխատակիցները ևս պետք է ակտիվ լինեն և պատշաճ անդրադառնան տեղեկատվության տրամադրմանը»,- նշել է նա :

Մելիքյանի դիտարկմամբ՝ հեղափոխությունից հետո լրատվամիջոցների ազատությունը շատ ավելի բարվոք է, քան նախկինում:   

 Աշոտ Մելիքյանը 2019-ի տարեվերջի նշանակալի իրադարձություններից է համարում այն, որ «Ա1+» հեռուստաընկերությունը դիմեց ՀՀ վարչական դատարան և պահանջեց առոչինչ ճանաչել 2003 թվականին ընդունված ու դեռևս ուժի մեջ գտնվող ակտերը, որոնցով խախտվել է հեռուստաընկերության հեռարձակման իրավունքը՝ 2002 թվականի եթերազրկումից հետո։