Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News      

Մնացականյան

Հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը:    

ԱԳ նախարարը և դեսպանը բարձր գնահատեցին Ուկրաինայի  հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջև  բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկուստեք ուղենշվեց հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման միջոցով։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: 

Կողմերը կարևորեցին նաև համագործակցության խորհրդարանական հարթակը և  համոզմունք հայտնեցին, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս