Հայկական դուդուկ, «Դլե յաման»՝ Ստամբուլում․ Արա Գյուլերի վերջին հրաժեշտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար պոլսահայ լուսանկարիչ «Ստամբուլի աչք» անունով Արա Գյուլերին: Նա  կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկան հասակում: 

Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը հայտնում է, որ Գյուլերի դին դրվել է քաղաքի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում, ուր նախօրեին տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը:

Գյուլերի մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո՝ փաթաթված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ էր հղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։