Նարեկ Մալյանն իմ կոմպետենտության հարցը պետք է բարձրացնի, ոչ թե՝ Բադասյանի․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

իրավական

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, սակայն հայցը թերի լինելու պատճառով դատարանն այն հետ է վերադարձրել: Դատավոր Զարուհի Կարենի Նախշքարյանի որոշումը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։ 

Թեմայի շրջանակներում զրուցել ենք Ռուստամ Բադասյանի փաստաբան Տաթև Սարգսյանի հետ։ 
«Մի քանի տարի է, ինչ դատական ոլորտում գործունեություն եմ իրականացնում՝ որպես քաղաքացիական և վարչական փաստաբան, և ինձ համար վիճելի էր այն հիմքը, որով վերադարձվել է հայցադիմումը, այն է՝ չկցել փաստաբանի անձնագրի պատճենը», - 24News-ի հետ զրույցում նշեց փաստաբանը, այնուհետև հավելեց․

«Ընդունում եմ, որ պետք է կցված լիներ նշված փաստաթղթերը, ես ամեն դեպքում այդպիսի փորձ չեմ ունեցել, որ անձնագրի պատճենի կցված չլինելու հիմքով վերադարձվի հայցը, բայց խնդիր չեմ տեսնում»։ 

Անդրադառնալով Նարեկ Մալյանի այն գրառմանը, որ «թերի հայց ներկայացրած մարդն այսօր մեր երկրում ճառում է իրավաբանությունից»՝ փաստաբանը նշեց․ 

«Նարեկ Մալյանը երևի տեսել է, որ հայցը ներկայացվել է ներկայացուցչի կողմից, ուստի Մալյանն իմ կոմպետենտության հարցը պետք է բարձրացնի, ոչ թե՝ Ռուստամ Բադասյանի, որովհետև, ինչպես բոլոր վստահորդները, այնպես էլ Ռուստամ Բադասյանը որևէ կերպ չի գրել հայցադիմումը, ոչ էլ ուղարկել է, ուղարկողը ես եմ, իմ սխալի պատճառով է եղել», - ասաց փաստաբան Տաթև Սարգսյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ Ռուստամ Բադասյանը չի հետաքրքրվում նման տեխնիկական հարցերով, և որևէ տարաձայնություն չեն ունեցել տվյալ հարցի շուրջ։ Փաստաբանը հայտնեց, որ նոր հայցադիմումն արդեն ուղարկվել է՝ հույս հայտնելով, որ դատական նիստը շուտով կնշանակվի։ 

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս