ՀՀ-ի տնտեսական աճիով 1-ինն է ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ըստ ԱՄՀ-ի՝ նաև եվրոպական տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

2

Կապանում մեծ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու տարվա ընթացքում` 2018-2019-ներրին կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով,  որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները:

«2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներիդ պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ»,-ասել է վարչապետը, ապա հավելել, որ 2020-ի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

«Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը։

Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%: Մենք փաստացի ժամկետանց որևէ պարտք տնտեսվարողներին չունենք և այս էջը փակվել է»,-ասել է վարչապետը։

Վարչապետի նշած հաջորդ փաստը վերաբերում է նրան, որ 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:

«Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ նաև եվրոպական տարածաշրջանում»,-ասաց նա:

Վարչապետը նաև նշել է, որ 2020-ի պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21 %-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ` 90 %-ով, 2019-ի բյուջեի համեմատ՝ ավելի քան 30 %-ով: