Բժիշկները պայքարում են վիրավորում ստացած զինծառայողի կյանքի համար․ Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

հասարակական

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը նշեց, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնեց, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև  է։

Հարցին, թե վիրավորումը միջանձային վեճի պատճառով է եղել՝ Տոնոյանը պատասխանեց, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում։ «Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»։

Ավելի վաղ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։