Բալային համակարգը կթեթևացնի քաղաքացիների սոցիալական բեռը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

«2020թ.-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրման բաղադրատարրը», - նոր Հայաստանի մասին 100 նոր փաստ ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի ասելով՝  նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը և ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

«Ես հայտարարել եմ, որ ՀՀ քաղաքացին չպետք է տուգանելու «մատերյալ» լինի։ Այդ հայտարարությունը կյանքի է կոչվել։ Մենք քաղաքացուն ասում ենք ՝ պրոբլեմ չունես՝ տուգանվի, էլի տուգանվի, ինչքան շատ տուգանվես՝ մեր օգուտն է։ Ասել ենք՝ եղբա՛յր, եթե մի քանի անգամ տուգանվում ես, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված պրոբլեմ ես ստեղծում, դրա համար քեզ զրկում ենք վարորդական իրավունքից», - պարզաբանեց Փաշինյանը։