Բողոքի ակցիա կիրականացնեն թիվ 52 դպրոցի ուսուցիչները, աշակերտները և ծնողները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

հասարակական

Հունվարի 24-ին, Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 դպրոցի մոտ, ժամը 08։20-ի սահմանում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 10-ամյա աղջկա։ 

Աղջիկը հոսպիտալացվել էր, սակայն կարճ ժամանակ անց գիտակցության չգալով,մահացել էր։
52-րդ դպրոցի շրջանավարտները, ուսուցիչները, ծնողները և աշակերտները որոշել են հունվարի 29-ին վաղ առավոտից բողոքի ցույց կազմակերպել և փակել ճանապարհները, դպրոցի մոտ լուսացույց տեղադրելու պահանջով։   

24News-ի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Էլեն Գալոյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում, նույն վայրում սա վրաերթի երրորդ դեպքն է․ նախորդ երկուսի դեպքում արձանագրվել են վնասվածքներ։ 

«Մենք բազմիցս դիմել ենք քաղաքապետարան և ստացել ենք մերժում: Քաղաքապետարանից պատճառաբանում են, որ դպրոցը պետք է լուսացույցը տեղադրի իր միջոցներով: 52 դպրոցի շրջանավարտները, ուսուցիչները, ծնողները և աշակերտները որոշել են կազմակերպել բողոքի ցույց և հունվարի 29-ին, այսինքն չորեքշաբթի օրը, վաղ առավոտից փակել ճանապարհը» ,- ասաց Գալոյանը:

Մարիամ Հովհաննիսյան