Օսիպյանը հանդիպել է ձերբակալված ոստիկանների հարազատներին․ նրանք փակել էին Սևանի մայրուղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 20–ին հանդիպել է Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական բաժանմունքի ձերբակալված աշխատակիցների հազարատների հետ, որոնք վաղ առավոտից փակել էին Երեւան–Սեւան մայրուղին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Վալերի Օսիպյանը լսեց քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ: Ոստիկանապետը զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ, եղել է քննարկում:

Վալերի Օսիպյանը հանգամանալից ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու վստահեցրել, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմանում:

Նախքան հանդիպումը՝ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ա.Մ.–ն դիմում էր ներկայացրել, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: