Թույլ չեմ տա՝ ՀՀ որևէ քաղաքացու ասեն «սորոսական», ասողները կոռումպացված ՀՀԿ-ական են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

«Բաց հասարակություն-հիմնադրամներ»-ի գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներով, և այն իշխանության ժամանակ, որի կարկառուն ներկայացուցիչն է եղել Ձեր թերթի հիրմնադիր խմբագիրը և, եթե այդքան վատ բան էր, թող փակեին։ Ինչու՞ չեն փակել»,- այս մասին ասուլիսին ասել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով «Իրավունք» թերթի լրագրողի հարցին, որն առնչվում էր գործող իշխանության ներկայացուցիչների կապին Սորոսի գրասենյակի հետ։

Ըստ նրա՝ գրասենյակի ողջ գոյության ընթացքի 5 %-ը նոր իշխանության շրջանում է, իսկ 95 %-ը նախկին իշխանության շրջանում է։

«Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում տեղ են ունեցել նախկին իշխանության մեջ կա՛մ թիմի անդամ են ունեցել, կա՛մ նրանց շրջապատում մարդիկ են ունեցել։ Ինչո՞ւ չեք փակել։ Այսինքն՝ դուք հիմա փաստորեն խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն։ Նախ կսկսենք ձեզնից։ Դուք հիմա կանգնեք և Հայաստանի ժողովրդին բացատրություն տվեք։ Բոլոր հանրապետականները՝ նախկինում ոստիկանությունում, պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ բացատրություն տվեք՝ երբ որ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչու՞ չէիք փակում այդ հիմնադրամները։ Ի՞նչ է նշանակում սորոսական։ Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ քաղաքացու հասցեին նման բան՝ քամահրական և արհամարհական ասեն, որովհետև բոլոր նրանք, ովքեր դա ասում են կոռումպացված հանրապետականներ են»,- ասաց Փաշինյանը, ապա նշեց, որ պետք է հետաքննություն սկսել, թե այդ մարդկանցից քանիսն է գրանտ ստացել այդ կազմակերպությունից և ինչքան են սնվել։

«Գնացեք, այդ հարցերի պատասխանը Ձեր լրատվամիջոցի ղեկավարության քաղաքական շրջանակից պահանջեք և ասեք, որ այդ հարցին ի պատասխան՝ ասեց, որ եթե ձեր ասածը չտա, ուրեմն դուք ձեր իշխանության ողջ ընթացքում գրել եք ընդդեմ ՀՀ-ի և ժողովրդի, և առաջին հերթին ձեզ է պետք պատասխանատվության ենթարկել, առաջին հերթին՝ բարոյական։ Դա նշանակում է, որ դուք չունեք սրբություն ընդհանրապես»,- նշեց Փաշինյանը։