Արցախի «Ազատ հայրենիքը» և «Քաղաքացիական միացյալ դաշինքը» ընտրությանը կմասնակցեն դաշինքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

արցախ

Արցախի «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը հունվարի 26-ին հրավիրած արտահերթ համաժողովում Արցախում սպասվող նախագահական ընտրություններին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում է կայացրել: «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն ընդունել է նաև խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու «Ազատ հայրենիք»-ի առաջարկը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառմամբ տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։

«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը հրավիրած արտահերթ համաժողովում սպասվող նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում կայացրեց: Նորաստեղծ քաղաքական ուժն ընդունել է նաև խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու մեր առաջարկը:

Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածության նկատմամբ դրսևորած բարձր վստահության համար:

Չեմ թաքցնի իմ ներքին համակրանքը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը ձևավորած և նրանում ներգրավված երիտասարդների հանդեպ, որոնք կարճ ժամանակում աչքի ընկան իրենց բարձր ինտելեկտով, այն նպատակին ծառայեցնելու կարողությամբ և կազմակերպվածությամբ:

Կարծում եմ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով հանդես գալը նոր քաղաքական կերպարներ կբերի ասպարեզ՝ միաժամանակ երիտասարդության ներուժն ի սպաս դնելով Արցախի հզորացմանը և դրանով առավել արդյունավետ դարձնելով մեր համատեղ աշխատանքը»,- գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Արցախում համապետական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: