Թուրքմենստանը գազը կտա Իրանին, Իրանը՝ Հայաստանին.քննարկվում է սվոփով ՀՀ-ին գազ տալու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

գազ

Հայաստանը բանակցում է Թուրքմենստանի եւ Իրանի հետ սվոփով գազ գնելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

«Թուրքմենստանից սվոփով գազ գնելու վերաբերյալ հայտնում ենք, որ պարբերաբար բանակցություններ են ընթանում Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ», – նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ գազի ծավալների, գնի, տարանցման, ինչպես նաևվճարման եղանակների վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հույս էր հայտնել, որ այդ սխեման անպայման կաշխատի։

Հայաստանի կողմից Թուրքմենստանից սվոփ համակարգով գազ գնելու նախագիծը ենթադրում է, որ Աշխաբադը վառելիք կմատակարարի Իրանի հյուսիսային գավառներին, իսկ Թեհրանն իր գազը կմատակարարի Երևանին` ավելացնելով ծավալները: