Գողացել են դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող «Մերսեդեսի» հայելիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հունվարի 26-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Տուժողից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։

Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտման միջոցառումները տևեցին ընդամենը կես ժամ։ Շուտով հայտնի դարձավ կասկածվողի գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 18-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև գողացված հայելիները։