Հայաստանը իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ․ Ապիտոնյանի ելույթը՝ ՄԱԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում հունվարի 23-ին տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։ Զեկույցի ներկայացման նպատակով Ժնևում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։ ՀՊԴ Հայաստանի զեկույցի քննարկմանը ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։

«Որպես Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր աներեր հանձնառությունը` ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը` համաձայն իր կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են խաղաղ և ներառական հասարակություն կառուցելուն, ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման հարցերի հասցեագրմանը, էթնիկ և կրոնական խմբերի դեմ ատելության հանցագործությունների դեմ պայքարին և կանանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը:

2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա ժողովրդավարական հեղափոխություն: Դա հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացման համարձակ դրսևորում էր և կարևոր քայլ Հայաստանի պատմության մեջ` առավել ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում: Հեղափոխությունը նոր խթան հաղորդեց երկրի իրավական, դատական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներին և արմատական վերափոխումների ենթարկեց հաջող կառավարման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների բնագավառները:

Հայաստանը իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ` քաղաքացիական և քաղաքական իրավունքների լիարժեք և անխափան իրականացումն ապահովելու համար: Բարեփոխումների փաթեթի հիմնասյուներից մեկը դատական բարեփոխումն է, որն ուղղված է դատական համակարգի անկախության ապահովմանը և համակարգի նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանը: Դրա հիմնական տարրերն են դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրումը, ինչպես նաև իրենց անկախության ֆունկցիոնալ, կառուցվածքային, նյութական և սոցիալական երաշխիքների հաստատումը:

Կառավարության մեկ այլ կարևոր առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ անսասան պայքարը և վերջինիս վերաբերյալ արշավի իրականացումը: Հակակոռուպցիոն ռազմավարությունը ներկայացնում է ինստիտուցիոնալ շրջանակ` կանխարգելման, քննության և հակակոռուպցիոն կրթության ասպեկտներով: Այն ներառում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի և հակակոռուպցիոն դատարանի ստեղծման, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց գույքային դրության ստուգման և հայտարարագրման համակարգի ընդլայնմանն առնչվող հարցեր: Վերջերս իրավասու մարմինների կողմից կոռուպցիայի դեմ մղվող պայքարի շրջանակներում հարուցվել և քննվել են հարյուրավոր կոռուպցիոն բնույթի քրեական գործեր, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

Թավշյա հեղափոխությունը նպաստեց Հայաստանում մամուլի և խոսքի ազատության ամրապնդմանը: Քաղաքական վերափոխումների հաջողության գրավականն էր ոչ միայն ժողովրդի ուժեղ կամքը և միասնությունը, այլ նաև առցանց  հաղորդակցությունների լայն օգտագործումը: Այս փոփոխության շնորհիվ Հայաստանում հաստատվեց ժողովրդավարության նոր մակարդակ: «Լրագրողներ առանց սահմանների» 2019 թվականի ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչը նախորդ տարվա համեմատ նկատելի բարելավում է 19 կետով: Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ անցյալ տարվա ընթացքում գրանցվել է ինտերնետի ազատության ամենամեծ առաջընթացը, և Հայաստանը դասվում է այնպիսի 10 ազատ երկրների շարքին, ինչպիսիք են Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Իտալիան:

Հավաքների ազատության իրավունքի անարգել իրացումը նույնպես կարևոր նշանակություն ունի կառավարության համար, որը մեծ քայլեր է ձեռնարկել իրավապահ մարմինների գործողությունները միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Անցյալ տարվա ընթացքում բողոքների պատմական ցածր քանակը ի ցույց է դնում վերը նշված միտումը:

Հայաստանը բարձր է գնահատում կանանց ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության կայացման գործում: 2019 թվականի փետրվարին Հայաստանն ընդունեց ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների առաջին ազգային ծրագիրը: Հայաստանը չափազանց  կարևորում է կանանց ակտիվ մասնակցությունը հակամարտության բոլոր փուլերում և հակամարտության արդյունքում տուժած կանանց և նրանց իրավունքների պաշտպանությունը: Այս կապակցությամբ կցանկանայի հիշատակել, որ Հայաստանում մեկնարկել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը՝ նպատակ ունենալով ներառական հարթակ տրամադրել կանանց և մայրերին՝ նպաստելու հակամարտությունից տուժած տարածքներում խաղաղության և հաշտության հաստատմանը թե՛ մեր տարածաշրջանում և թե՛ դրա սահմաններից դուրս:

Թավշյա հեղափոխության ընթացքում կանանց ակտիվ մասնակցությունը դեռևս անհրաժեշտ է վերափոխել առավել շոշափելի արդյունքների՝ երկրի քաղաքական և տնտեսական կյանքում կանանց ներկայացվածության մեծացման առումով: Որոշ հաջողություններ արձանագրվել են տնտեսության գերժամանակակից ոլորտներում: Օրինակ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի հիմնական աղբյուրներից մեկը հանդիսացող Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածությունը կազմում է 32%՝ ի համեմատություն աշխարհի տարբեր երկրներում գրանցված միջին 20%-ի:

Խտրականության բացառման սկզբունքը կառավարության մարդու իրավունքների քաղաքականության հիմնական բաղադրիչն է: Բնակչության առավել խոցելի խմբերի իրավունքների խթանումը, պաշտպանությունը և իրացումը, խտրականության բացառումը Կառավարության մարդու իրավունքների ռազմավարության հիմնարար բաղադրիչն է, ինչը նաև սերտորեն փոխկապակցված է մյուս երկու հիմնական սկզբունքների` մասնակցության և պատասխանատվության հետ: Հաճախ իրավունքի կրողների մասնակցության և իշխանությունների պատասխանատվության բացակայություն է, որ  հանգեցնում է խտրականության տարածմանն ու խթանմանը:

Փախստականների իրավունքների պաշտպանությունը մշտապես կարևորվում է, քանզի  1980-ական թվականներից ի վեր Հայաստանն ապաստան է տալիս փախստականների: Կառավարությունը գործադրում է հնարավոր ջանքերը ներգաղթած փախստականների կյանքի պայմանները բարելավելու և նրանց լիարժեք ինտեգրումն ապահովելու ուղղությամբ: 

Աշխարհի տարբեր հատվածներում տագնապալի միտումները, այդ թվում` միջազգային և միջպետական հակամարտությունների թվի ավելացումը, վերջին տարիների ընթացքում աննախադեպ ռազմատենչ հայտարարությունների և ատելության խոսքի աճը, զանգվածային ոճրագործների բացահայտ հերոսացումը, միջազգային հանցագործությունների, ներառյալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիությունը, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մարտահրավերները թե՛ ազգային և թե՛ միջազգային հարթակում: Առավել մտահոգիչ է, որ այդ գործողությունների մի մասը հրահրվում կամ խրախուսվում են որոշ պետությունների իշխանությունների կողմից», - ասվում է ելույթի տեքստում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս