Վարչապետը խոսքն ավարտեց 2016-ին՝ կամավորականի կարգավիճակում գրած բանաստեղծությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում կայացած միջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մենք՝ որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի, հայոց ազատամարտի շնորհիվ: Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր. մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքում: Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ-զինվոր նահատակների արյունով: Վերջին 100 տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ: Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով, 20-րդ դարի վերջին հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլևս ցեղասպանության զոհ չի լինելու, և, եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս:

Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, և մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում, ինչո՞վ ենք զբաղված կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները: Եվ այսօր այս հարցն է, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, և մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս։

Ես չեմ ուզում կրկնել այն ամենը, ինչ ասել եմ Ամանորյա ուղերձում՝ կապված նոր սպառազինությունների ձեռքբերման հետ, բայց ուզում եմ ընդգծել, որ, այո, Հայաստանի Հանրապետությունն ու Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը, և կառավարությունն ու ժողովուրդն այսօր ի վիճակի է ու ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Եվ ես ուրախ եմ, որ վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը և քաղաքացիները ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան մեկ միլիարդ դոլարին համարժեք դրամով: Այդ գումարների հսկայական մասը ծախսվել է և ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից, ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգից: Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիփոթեքային վարկերով կարողանան բնակարան ձեռք բերել: Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար: Խոսքն այն զինծառայողների մասին է, որոնց նկատմամբ պետության պարտավորությունն արձանագրված է դե յուրե: Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից:  Եվ այս քաղաքականությունը, զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը։

Ուրախությամբ եմ ընդգծում, որ Հայոց բանակը 21-րդ դարում, այսօր, 2020 թվականին ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, և հայ ժողովուրդն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է հայոց բանակի ուժերի վրա: Եվ ես ուզում եմ շատ կարևոր մի ընդգծում անել՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի հայրենիքով, հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետև հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին»,- ասաց ՀՀ վարչապետն իր ելույթում: