Արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

Քոչարյան

Աշունը քաղաքականապես ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարագը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Այս մասին Yerevan.today-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Կապանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը»։